Տուլայում շարունակվում է 2015թ. նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի գործով դատաքննությունը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալ Գառնիկ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ իրենք միջնորդել են ուսումնասիրել վթարված ավտոբուսի կոտրված մասերը, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:
«Դատարանում փորձագետը հայտարարեց, որ Գառնիկ Հարությունյանն արագությունը չի գերազանցել: Միեւնույն ժամանակ, ապացուցվել է, որ ուժեղ հարված է եղել: Մենք ապացույցներ ունենք, որ ավտոբուսը ներքին խնդիր է ունեցել, այն է՝ ընթացքի մեջ օդային բարձիկներից մեկը պայթել է, որից հետո խնդիր է առաջացել ներքին, ինչն էլ հանգեցրել է վթարի: Այժմ մենք միջնորդել ենք, որ ավտոբուսը բերվի դատարանի բակ եւ դատական նիստն անցկացվի բացօթյա, որպեսզի ուսումնասիրվեն այդ մասերը, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը»,- ասաց փաստաբանը:
Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց նաեւ, որ գործով տուժողներն ու տուժողների ներկայացուցիչներից ոչ ոք մինչեւ այս նիստերին չի մասնակցել: Միայն 4-րդ նիստին եկել է փաստաբան, որը ներկայացրել է բոլորի շահերը. «Փաստաբանը եկավ ու ասաց, որ իրենց համար կարեւոր է, որ դատաքննությունն ավարտվի, որպեսզի իրենք դատավճռով դիմեն ապահովագրական ընկերությանն ու իրենց գումարները ստանան: Մենք այս մոտեցման հետ համաձայն չենք: Մենք ուզում ենք, որ արդար դատավարություն անցկացվի»:
Նշենք, որ Հայաստանում այս գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։
Ավտոբուսը պատկանում էր «Քինգ Դելյուքս»-ին: Ի սկզբանե վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը կամ արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել:





























