«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բարի գալուստ է մաղթում բոլոր այն ուժերին, որոնք ուզում են մտնել քաղաքական դաշտ ու դրա համար սկսել են հայտարարել, թե «Ժառանգությունը» հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինի:

«Նման վերլուծություններ ես գրեթե 20 տարի լսել եմ իմ անվան, հետո կուսակցության անվան շուրջ: Հնարավոր է, որ նման տեսակետ հայտնողները իրենք են ուզում մտնել քաղաք դաշտ: Բարի գալուստ եմ մաղթում իրենց: «Ժառանգությունը» մասնակցելու է բոլոր ընտրություններին, եւ իր ուժերով: Հասարակությունն ինքը կորոշի,թե որտեղ է մեր տեղը»,- այսօր` հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելել. «Մենք մեր շիտակությամբ ներկայացրել ենք մեր ճիշտը»:

Նույն խնդրի առնչությամբ, «Ժառանգությանը» նոր անդամակցած, նախկինում Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս Ռուբեն Հակոբյանն ասաց. «Որեւէ մեկը հավատո՞ւմ է այդ սոցիոլոգիական հարցումներին: Մեր դաշտում կա մեծ չարություն: Մարդիկ ուզում են մտնել քաղաքական դաշտ, բայց մտնում են սխալ դռնից: Իշխանական ուժերի պատվերով սոցիոլոգները առաջին տեղը տալիս են իշխանություններին: ՀԱԿ-ի հարցումներով էլ առաջինն իրենք են: Մենք մեր աշխատանքն անում ենք եւ գիտենք, ով ով է: Օրը կգա բարին հետը»: