Գերմանիան հետաքրքրված է Իրանի հետ բոլոր ուղղություններով համագործակցությամբ, սակայն գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ: Այդ մասին ճեպազրույցին հայտնել է ԳԴՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Նրա խոսքով, ավելի վաղ Բեռլինից բազմիցս հայտնել էին, որ հետաքրքրված են Իրանի հետ լավ հարաբերություններով: «Մենք ուզում ենք, որ մեր հարաբերություններն ավելի ինտենսիվ զարգանան բոլոր մակարդակներում եւ բոլոր ոլորտներում», - նշել է Շեֆերը: Որպես համագործակցությանը խոչընդոտող գործոններից մեկը, նա նշել է Իրանի վերաբերմունքն Իսրայելին:
Շեֆերը ԳԴՀ-ի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հարաբերությունները իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բնութագրել է որպես գերազանց, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























