Երեւանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում Երեւանի ամենահին խճածածկ փողոցն է  հայտնաբերվել։

«Արդեն 8 տարի է՝ պեղումներ են կատարվում: Վերջին տարիների պեղումների արդյունքում Խալդի աստծո արեւմտյան պատի հարեւանությամբ խճահատակով փողոց է հայտնաբերվել, որից պեղված չունենք որեւէ այլ ուրարտական հուշարձանում: Շատ բացառիկ, կարեւոր հայտնաբերում է ու կարող է նաեւ բավական մեծ թվով տուրիստներ բերել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանը:

Փողոցում երկրաշարժի հետքեր կան, որը, ըստ հնագետների, տեղի է ունեցել մ.թ.ա. 7-րդ դարի կեսին: 30 մետր երկարությամբ փողոցում տեսանելի են ճաքած հատակը  ու  դեֆորմացված պատերը:

Բացի այս՝ սյունազարդ դահլիճի տարածքում կառույցի հիմնապատեր են պեղվել: Դրանք, հնագետների կարծիքով, կարող են ծիսապաշտամունքային բնույթի կառույցի պատկանել: