Իրանն անգամ անցած տարվա հուլիսին Վիեննայում արեւմտյան պետությունների հետ միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո փորձում է Գերմանիայում միջուկային տեխնոլոգիաներ գնել: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով գերմանական ներքին հետախուզության տվյալները։

Համաձայն Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության տարեկան հաշվետվության՝  2015 թվականին տեխնոլոգիաներ գնելու անօրինական փորձերը «շարունակվել են քանակապես բարձր մակարդակով»: «Հատկապես դրանք վերաբերում են միջուկային տեխնոլոգիաների ասպարեզում օգտագործվող ապրանքներին»,- նշվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2015 թվականին արձանագրվել է ատոմային տեխնոլոգիաներ ձեռք բերելու 141 փորձ, որը երկու անգամ գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը, ընդ որում այդ փորձերի երկու երրորդը կատարվել են իրանական կազմակերպությունների կողմից: Զեկույցում չի բաժանվում, թե այս փորձերից որ հատվածն է կատարվել համաձայնագրից առաջ եւ որ հատվածը արդեն դրանից հետո, սակայն նշվում է, որ որոշ փորձեր կատարվել են 2015 թվականի հուլիսից հետո:

Նշենք, որ անցած տարվա հուլիսին ձեռք բերված համաձայնագրով Իրանը համաձայնել էր արեւմտյան տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց դադարեցնել իր միջուկային ծրագրերը: Հունվարին ՄԱԿ-ում հաստատեցին, որ պետությունը կատարել է պայմանագրով ստանձնած իր նախնական պարտավորությունները եւ պատժամիջոցները հանվեցին: