ԱՄՆ–ը ոչ մի տեղեկություն չունի այն մասին, որ Իրանի իշխանությունները խախտում են Թեհրանի միջուկային Գործողությունների համապարփակ համատեղ պլանի պայմանները։ Այս մասին լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ոչ  մի տեղեկություն չունենք, որը կմատնանշեր, որ Իրանը խախտում է Գործողությունների համապարփակ համատեղ պլանի պայմանները»,– ասել է նա՝ անդրադառնալով լրագրողների հարցերին, որոնք խնդրել էին մեկնաբանել Reuters գործակալության հայտարարությունը, որի համաձայն՝ գործակալության ձեռքում է հայտնվել ՄԱԿ գլխավոր քարտուղարի գաղտնի զեկույցը։ Դրանում ասվում է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների գործարկումը չի համապատասխանում մեկ տարի առաջ ձեռք բերած համաձայնագրի կառուցողական ոգուն։ Ի հաստատումն դրա՝ նրանք բերել են լրատվամիջոցներում հայտնված գերմանական հետախուզական ծառայության տվյալները, որոնք վկայում են այդ պլանի պայմանների խախտման մասին։