Թեհրանը շարունակելու է զարգացնել հրթիռային ծրագիրը, որը հանդիսանում է երկրի պաշտպանության ուսմունքի հիմքերից մեկը, չնայած Գերմանիայի կանցլերի հայտարարությանը, որ այն չի համապատասխանում ՄԱԿ բանաձեւին: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Համաձայն Իրանի ԱԳՆ հայտարարության՝ Թեհրանը կրկին հայտարարում է, որ ամբողջ ուժով շարունակելու է զարգացնել իր հրթիռային ծրագիրը՝  դոկտրինայի եւ ազգային անվտանգության պաշտպանության  հիման վրա: Նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն ազդում հրթիռային ծրագրի օրինական իրավունքի վրա: Ղասեմին նաեւ նշել է, որ հրթիռային ծրագիրը նպատակաուղղված է միայն երկրի պաշտպանությանը եւ ոչ մի կերպ նախատեսված չէ միջուկային սպառազինություններ տեղափոխման համար: Այդ կապակցությամբ այն ՄԱԿ Անվտանգության խորհուրդի 2231 բանաձեւին դեմ չէ եւ միջուկային համաձայնագրերի հետ կապ չունի: Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների շահագործումը չի համապատասխանում ՄԱԿ  բանաձեւին, որի համաձայն երկիրը պետք է զերծ մնա միջուկային զենքեր տեղափոխող հրթիռների մշակումից: