ԵԽԽՎ-ն փաստաթուղթ է ընդունել Հայաստանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Փաստաթղթում ասված է, որ կառավարության նախաձեռնած փոփոխությունները, որոնք ընդունվել են խորհրդարանի կողմից 2010թ. հունիսի 10-ին, միայն մեծացնում են պետական վերահսկողությունը հեռուստա- եւ ռադիոհեռարձակումների վրա: Ընդդիմադիր կուսակցությունները, ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները եւ ԵԱՀԿ-ն քննադատել են Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ փոփոխությունների համար:
Փաստաթղթի տակ ստորագրած եվրապատգամավորները նշում են, թե օրենքի փոփոխությունները բարդացնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման իրականացումը, ըստ որի նոր ընկերությունների, մասնավորապես «Ա1+»-ի համար պետք է նոր հաճախականություններ բացվեն:
«Անթույլատրելի ենք համարում, որ Հայաստանի կառավարությունը փոփոխել է օրենքը, որը կհանգեցնի ԶԼՄ-ների ազատությունների խախտման»,- ասված է փաստաթղթում:
Փաստաթղթի տակ ստորագրել են 34 պատգամավորներ Կիպրոսից, Ռումինիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Հայաստանից եւ այլ երկրներից:





























