Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հուլիսի 10-ին սեփական տան մեջ սպանված հայտնաբերված հայ ընտանիքի չորս անդամների դիերը մասամբ այրված են եղել: Գյուղացիների խոսքով հանցագործը `37-ամյա Օֆելյային եւ նրա երեք երեխաներին սպանելուց հետո, փորձել է այրել` հետքերը թաքցնելու համար:
NEWS.am-ի հետ զրույցում Վաչիանի բնակիչներից Գուրգենը նշեց, որ Քաչոտյանները նորմալ եկամուտներով ապրող ընտանիք էին, զբաղվում էին գյուղատնտեսությամբ, թշնամիներ չունեին:
Ընտանիքին սպանելու վարկածներից մեկն այն է, որ հանցագործն իմացել է, որ տան տղամարդը Ռուսաստանի Դաշնությունում է եւ գողության նպատակով մտել է տուն եւ սպանել նրանց:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 7, 16, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:











