«Ռուսական երկաթուղին» եւ Իրանը «Հյուսիս–Հարավ միջանցք» նախագծի շուրջ համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել։ Այս մասին «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում՝ լիագումար նիստի ժամանակ, ասել է «Ռուսական երակթուղիների» փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը, փոխանցում է RNS–ը։
«Նոր հնչեղություն է ստանում մեզ համար կարեւոր «Հյուսիս–Հարավ միջանցք» տարանցիկ նախագիծը, որը ձեւավորվել է 4 մասնակիցների մասնակցությամբ՝ Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի։ Բառացիորեն անցյալ շաբաթ մենք Իրանի եւ Ադրբեջանի հետ արձանագրություն ստորագրեցինք համագործակցության մասին եւ օգոստոսի 7-ին մենք Մումբայից ցուցադրական կոնտեյներային գնացք կուղարկենք, որը համաձայնեցված սակագներով բեռ կհասցնի Մոսկվա։ «Հյուսիս–Հարավ միջանցք»–ի առաջին փուլում նախատեսվում է ամեն տարի 5 մլն տոննա բեռ տեղափոխել, իսկ հետագայում՝ ավելի քան 10 մլն տոննա»,– ասել է նա։




























