Այսօր` հոկտեմբերի 7-ին կառավարությունը թույլատրեց պետական գույքի կառավարման վարչությանը՝ աճուրդի հանել ազգային անվտանգության ծառայության 45 ծառայողական մեքենաներ։ Բոլոր մեքենաները ռուսական արտադրության են՝ տարբեր մակնիշների ԳԱԶ, ՎԱԶ կամ ՈՒԱԶ։ Ամենահին մեքենան 1996 թվականի արտադրության է, իսկ ամենանորը՝ 2002։
Առաջին աճուրդը տեղի կունենա առաջիկա 2 ամիսների ընթացքում, ընդ որում՝ պետական գույքի կառավարման վարչությունը պարտավոր է աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ լրատվամիջոցներում հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի եւ աճուրդի անցկացման պայմանների մասին։ Եթե աճուրդի ժամանակ մեքենան չվաճառվի, հաջորդ աճուրդում մեկնարկային գինը կնվազեցվի 20 տոկոսով։
Աճուրդի հանվող մեքենաներից ամենաէժանը գնահատվել է 1996 թ. արտադրության ԳԱԶ-31029-ը՝ 682 հազ. դրամ (մոտ 1880 դոլար)։ Ամենաթանկ մեկնարկային գինն ունեն 2000 թ. եւ 2001 թ. արտադրության ԳԱԶ-322132 մակնիշի մեքենաները՝ 1,47 մլն դրամ (մոտ 4 հազ. դոլար)։





























