Սմարթֆոնը, որը Samsung ընկերությունը գովազդում էր որպես անջրաթափանց, թրջվել է բջջային հեռախոսների շուկայի նորույթները դիտարկող առաջատար կայքի փորձարկումների ընթացքում, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Samsung Galaxy S7 Active հեռախոսը տեղադրել են մեկ ու կես մ խորությամբ ակվարիումի մեջ: Կես ժամից սարքը հանել են եւ այն չի աշխատել:  Դիսփլեյի վրա կանաչ գծեր են հայտնվել, այն չի արձագանքել հպումներին: Հեռախոսի երկու խցի ներսում հեղուկի պղպջակներ են հայտնվել:   

 Consumer Reports կայքը թեստը կրկնել է նույն մոդելի երկրորդ հեռախոսի վրա, բայց դա էլ է թրջվել:

Samsung-ի ներկայացուցիչները խոստովանել են, որ փորձարկվող սմարթֆոններն իրոք կարող էին չհամապատասխանել ջրից պաշտպանության հայտարարված մակարդակին:   

Samsung-ի պաշտոնական կայքը պնդում է, որ Galaxy S7 Active հեռախոսը դասակարգման միջազգային համակարգի համաձայն, պաշտպանության  IP68 դաս ունի: Դա նշանակում է, որ հեռախոսը կարող է դիմանալ  «երկար ժամանակ ջրում ընկղմմանը»:

Consumer Reports կայքի մասնագետները հայտնել են, որ փորձարկումներից հետո երկու հեռախոսն էլ չեն աշխատել:   

Միաժամանակ Consumer Reports-ը նշում է, որ Galaxy S7 եւ Galaxy S7 Edge մոդելները, որոնք նշված են նաեւ որպես IP68 մակարդակի պաշտպանության մոդելներ, լավ են տարել ջրում նման ընկղմումը:

«Սովորաբար Consumer Reports-ը հեռախոսները չի գնահատում այդ պարամետրով, բայց մենք որոշել ենք ջրում ընկղմման թեստ անցկացնել, որովհետեւ արտադրողը պնդել է, որ իր արտադրանքը անջրաթափանց է», - պարզաբանել են կայքի մասնագետները:

Samsung ընկերությունից հայտնել են, որ «ընդամենը մի քանի բողոք են ստացել» հեռախոսների անջրաթափանցության առումով եւ որ բոլոր սարքերը երաշխիք ունեն:   

Galaxy S7 Active մոդելը թողարկվել է ԱՄՆ-ում` հունիսին: