Եթե Իսրայելը չհասկանա, որ կարող է կորցնել տարածաշրջանում իր ամենամոտ բարեկամներից մեկին, Անկարան եւ Թել-Ավիվը չեն կարող կարգավորել հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ Վաշինգտոնի Պոտոմակ Ինստիտուտում իր ելույթի ընթացքում:

Նրա խոսքով, Թուրքիայի պատմության ընթացքում առաջին անգամ  «թուրք քաղաքացիները սպանվել են անկախ այլ պետության կողմից «Մավի Մարմարա» նավի միջադեպի ընթացքում»:

Նկատելով, որ Թուրքիան դեռ պաշտոնական ներողությունների է սպասում Իսրայելից, Թանը նշել է, որ Իսրայելը պետք է առաջին քայլը կատարի այդ ուղղությամբ,  նաեւ խորհուրդ է տվել այդ քայլը որպես նվաստացում չընկալել:

Մեկնաբանելով Իրանի հետ հարաբերությունները՝ Թանը նշել է, թե այդ երկրի հետ կապերը պայմանավորված են ոչ թե մշակութային կամ կրոնական ընդհանրություններով, այլ աշխարհաքաղաքական իրողություններով եւ պատմական փորձով: Նրա խոսքով, Իրանի ատոմային ծրագիրը կարող է վտանգ պարունակել տարածաշրջանի համար, նաեւ չի համապատասխանում թուրքական շահերին:

Խոսելով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մասին՝ դեսպանը նշել է, որ բանակցություններն իրենց տրամաբանական ավարտը կունենային, եթե Եվրամիության որոշ երկրներ քաղաքական արգելքներ չդնեին Անկարայի առջեւ: «Ես հարգում եմ եվրոպական բոլոր առաջնորդներին, բայց կարծում եմ՝ մեր եվրոպացի բարեկամները լայնախոհ մտածել չեն կարող»,- ասել է Թանը: