ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը նամակ է հղել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար` Դավիթ Հարությունյանին, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի Գլխավոր քարտուղար Մաթեո Սորինասին: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ իրեն ժողովրդավար համարող երկիրը չի կարողանում ժամանակ գտնել Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» Ֆորումի շրջանակներում բարձրաստիճան հանդիպումներ կազմակերպելու Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ: Ինձ թվում է` սա հաստատում է Հայաստանի վերաբերյալ իմ ենթադրությունը, որ Հայաստանը դեռ հասուն չէ նման Ֆորում անցկացնելու համար:

Համազեկուցողների այցելությունը Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից թույլատրվեց հունիսի 22-ին, բայց հետաձգվեց. նախ` ամառային արձակուրդի պատճառով, ապա պատճառաբանությամբ, թե շատ վաղ է սեպտեմբերի առաջին կեսին դրա կազմակերպելը:

Թվում է, թե կար համաձայնություն այցելությունը կազմակերպել Ֆորումի միջակայքում` հոկտեմբերի 17-ին եւ 18-ին, սակայն այն մերժվեց` ՀՀ խորհրդարանի խոսնակի կողմից:

Որքան որ տեղյակ եմ, միայն ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում է, որ մոնիտորինգային այցերը սովորաբար հետաձգվում են` նոր կառավարություններին տալով հնարավորություն կատարելու տված խոստումները: Սակայն, սա Հայաստանի դեպքը չէ:

Ինձ թվում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ձգձգել համազեկուցողների այցը` իմ անձի, ինչպես նաեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավահավասարության արժեքների հանդեպ իմ պարտավորվածության պատճառով, քանի որ եթե ես չլինեմ զեկուցող, ապա Վեհաժողովը հնարավորություն կունենա նշանակել նոր, ավելի քիչ անկախ զեկուցողի:

Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ, սակայն մոնիտորինգի գործընթացին խանգարելը վիրավորանք է ԵԽԽՎ-ի հանդեպ եւ ԵԽ հիմնական արժեքներին, որոնք Հայաստանը իր կամքով պարտավորվել է պաշտպանել: Պարտավորված լինելը նաեւ նշանակում է անել ամեն ինչ, որպեսզի կայանա համազեկուցողների փաստահավաք այցը երկիր:

Այսպիսով, ձեզ կխնդրեի վերանայել համազեկուցողիս` Ֆորումի մեկ օր առաջ կամ հետո, համապատասխան իշխանությունների հետ հանդիպելու ցանկությունս»: Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ֆորումը» տեղի կունենա հոկտեմբերի 19-21-ին` Երեւանում:

Նշենք, նաեւ, որ Գորան Լինդբլադը Շվեդիայում խորհրդարանական ընտրություններում չի ընտրվել պատգամավոր, հետեւաբար, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում նրա փոխարեն Հայաստանի հարցով այլ համազեկուցող պետք է նշանակվի: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության իշխող կոալիցիայի անդամները Լինդբլադին մեղադրում են ադրբեջանամետ լինելու մեջ: