ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում կողմերը կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաեւ երկու գերատեսչությունների իրավասություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախատեսվում է համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Նշենք, որ Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության պարտականությունների ու իրավասությունների մեջ է մտնում նաեւ վերահսկողության սահմանումը՝ արդարադատության գերատեսչությունների եւ վարչությունների ֆինանսական եւ վարչական հարցերի, դատական իշխանության ենթակա կառույցների, իրավապահ մարմինների, պետական ընկերությունների եւ ինստիտուտների, քաղաքապետարանների եւ ներքին գործերի նախարարության ենթակա կառույցների եւ այլ կազմակերպությունների վրա,  նշված կառույցներում կանոնավոր կարգով ստուգումների իրականացումը։