Ռուսաստանն ու Թուրքիան տվյալներ կփոխանակեն Թուրքիայի հանգստավայրերում աշխատող ռուսական եւ թուրքական տուրօպերատորների ֆինանսական կայունության մասին: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսում «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Օզգյուն Օզասլանը:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք տուրիզմի զարգացմանը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` Թուրքիայում եւ կարծում ենք, որ տուրօպերատորների սնանկության կամ ֆինանսական դժվարությունների հետ կապված բացասական պահերից խուսափելու համար, Ռուսաստանում եւ Թուրքիայում այդ ոլորտով զբաղվող պետական մարմինները պետք է ժամանակին տեղեկություններ փոխանակեն տուրօպերատորների եւ նրանց հետ աշխատող թուրքական հյուրանոցների մասին»,- ասել է Օզասլանը:

Նշենք, որ Օզասլանը մասնակցել է տուրիզմի գծով ռուս-թուրքական աշխատանքային խմբի աշխատանքներին, որը կայացել է հոկտեմբերի 6-ին, Սոչիում` Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների 5-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:  Կոնֆերանսի անվանումն էր «Կուրորտային եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը Սեւ ծովի տարածաշրջանում»:

Ռուսաստանի զբոսաշրջության գծով դաշնային գործակալության պետի տեղակալ Ալեքսանդր Ռադիկովն այս կապակցությամբ ասել է. «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի հյուրանոցների ասոցիացիան կարող է մեզ տեղեկատվություն տալ ռուս օպերատորների շարքում պարտքեր ունեցողների մասին»: