Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կառուցողական երկխոսություն եւ ԼՂ հարցի շուտափույթ լուծում` Մադրիդյան սկզբունքների հիման վրա. ահա երկու կարեւորագույն խնդիրները Հարավային Կովկասում հաղաղություն ու կայունություն հաստատելու ճանապարհին:
Այս մասին, այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցություն» ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը` փոխանցելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշների խոսքը:
«Հայաստանն ու Ֆրանսիան սերտորեն կապված են մշակույթով, ընդհանուր արժեքներով եւ ընդհանուր կապերով: Այդ մասին է վկայում Ֆրանսիայում Հայաստանի եւ Հայաստանում Ֆրանսիայի օրերի անցկացումը»,- ընդգծել է Սմեսովը:
Այնուհետեւ Քուշների ուղերձում նշվում է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն հզոր լծակներ եւ ամուր կամք ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու համար, որը պետք է ուղեկցվի ֆինանսական աջակցությամբ: Ավարտին, Բեռնար Քուշները գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը միացել էՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, նշելով, որ դա հերթական քայլն է երկու երկրների միջեւ համագործակցության էլ ավելի մեծ զարգացման հասնելու ճանապարհին:




























