Մեծ աղմուկ հանած օրացույցից հետո, որտեղ Մոսկվայի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետի աղջիկները Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ էրոտիկ տեսքով, կիսամերկ լուսանկարներով եւ անպարկեշտ մակագրություններով օրացույց էին կազմել, նրանք եւս մեկ օրացույց են հրապարակել: Սակայն այս անգամ աղջիկները հագնված են եւ ՌԴ վարչապետին բոլորովին այլ բնույթի հարցեր են տալիս:

Լուսանկարներում աղջիկների բերանը սոսնձված է, իսկ նրանց հարցերի շարքում կան այսպիսիք. «Ե՞րբ է հաջորդ ահաբեկչությունը», «Ո՞վ սպանեց Աննա Պոլիտկովսկայային», «Ե՞րբ են ազատ արձակելու Խոդորկովսկուն»: Այս լուսանկարները տեղադրված են Liveյournal-ում` liz_anderson նիկով օգտագործողի էջում:

Օրացույցը պատրաստողները նշում են. «Աղջիկների մոտ որոշ հարցեր են կուտակվել… Թույլ չենք տա խայտառակել ֆակուլտետի ազնիվ անունը»:

Մոսկվայի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ դա եղել է սովորողների անձնական նախաձեռնությունը: ԲՈՒՀ-ում այդ մասին իմացել են միայն ինտերնետից: Ֆակուլտետի դեկան Ելենա Վարտանովան դատապարտել է ուսանողուհիների արարքը, դա համարել ոչ պարկեշտ, սակայն հայտարարել է, որ աղջիկների արարքում անօրինական ոչինչ չի տեսնում «Դա դաստիարակության հարց է, ոչ ավելին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապագա լրագրողուհիների նկարներով էրոտիկ օրացույցն ինտերնետում է հայտնվել Պուտինի ծննդյան օրվանից ուղիղ մեկ օր առաջ: Օրացույցը հրատարակվել է 50 հազար օրինակով, որոնցից յուրաքանչյուրի արժեքն է 250 ռուբլի (շուրջ 8,4 դոլար):