Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միացման կողմնակից է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ նախկին պատգամավորը։
Նրա խոսքով, իր տեսակետը տրամաբանորեն տարբերվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունների տեսակետից։ «Ես միացման կողմնակից եմ եւ գտնում եմ, որ անկախ Ղարաբաղի գաղափարը սխալ է եղել։ Ես մշտապես դեմ եմ եղել դրան։ Ես եւ իմ համախոհները չենք մասնակցել Անկախության հանրաքվեին եւ մինչեւ հիմա էլ գտնում ենք, որ ԼՂՀ անկախությունը սարքովի բան է, Ռուսաստանի կողմից սարքված ծուղակ, իսկ մեր խեղճերն ընկել են այդ ծուղակն ու չեն կարողանում դուրս գալ։ Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը երբեք չի ճանաչվելու»,- համոզմունք հայտնեց Աշոտ Սարգսյանը։
Նրա խորին համոզմամբ, Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանները պետք է երկքաղաքացիության մասին օրենք ընդունեն, որի համաձայն Արցախի բոլոր չափահաս քաղաքացիները պետք է դառնան ՀՀ քաղաքացիներ, այնուհետեւ պետք է անցկացվի հանրաքվե, որն Արցախը Հայաստանի Հանրապետության մաս կդարձնի։ «Այդ հանրաքվեից հետո Արցախը պետք է դառնա Հայաստանի մարզերից մեկը։ Կրկնում եմ, անկախության ճանապարհը սխալ ճանապարհ է, եւ ես,որպես նախկին դաշնակցական, չեմ կարող հասկանալ, թե ծովից ծով Հայաստան երազող ավանդական Դաշնակցությունը ինչպես կարող էր գնալ այդ քայլին եւ ստեղծեր հայկական երկու պետություն»,- նշեց նախկին դաշնակցականը։
Ամփոփելով՝ Աշոտ Սարգսյանը հավելեց. «Մի խոսքով, ես դեմ եմ ԼՂՀ անկախության գաղափարին։ ՀՀ խորհրդարանում պետք է քննարկման դրվի միացման հարցը։ Դրա համար մենք ունենք հիմք. դա ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումն է»։
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկել է հետաձգել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման իր նախաձեռնած օրինագծի քվեարկությունը մինչեւ հաջորդ քառօրյա՝ հոկտեմբերի 25-29-ը: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:





























