Հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի շուրջ 40 ուսանողներ երեք ամիս ուսումնական վարձատրվող պրակտիկա են անցել հայաստանյան տարբեր ընկերություններում, որոնցից 22-ն արդեն ընդունվել է մշտական աշխատանքի:

Այս ամենը հնարավոր է դարձել «ԲՈՒՀ-ից աշխատաշուկա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի շրջանակներում:

Այս ծրագրի աշխատուժի զարգացման մասնագետ Անուշ Շահվերդյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ուսանողները  պրակտիկա անցել են հետեւյալ մասնագիտությունների գծով` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ճարտարագիտություն եւ մարկետինգ:

«Մասնավորապես ՏՏ ոլորտում 20 ուսանողից արդեն աշխատանք ունեն 12-ը, տուրիզմի ոլորտում` 9-ից 5-ը եւ դեղագործության ոլորտում` 9-ից 3-ը»,-ասաց Ա. Շահվերդյանը: Նրա խոսքով` ծրագրի նպատակը երիտասարդներին օգնելն էր` ձեռք բերելու արժեքավոր հմտություններ եւ փորձ, ինչպես նաեւ աշխատանք:

Ըստ Շահվերդյանի` ծրագրին մասնակցելու համար մրցութային կարգով ընտրվել են ոչ միայն ուսանողները, այլեւ կազմակերպությունները:

«Նախորդ տարի որոշ կազմակերպություններ պարզապես շահագործեցին մի քանի ուսանողի, իսկ վերջում նրանցից որեւէ մեկին աշխատանքի չվերցրեցին` պատճառաբանելով, թե վերջիններս չեն համապատասխանում իրենց չափորոշիչներին` այդ մասին հայտնելով պրակտիկայի վերջում միայն: Նման կազմակերպությունները, որոնք չկատարեցին իրենց խոստումը, այսուհետ հնարավորություն չեն ունենա դիմել ծրագրին»,-ասաց Ա. Շահվերդյանը:   

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին վճարովի պրակտիկա անցած ուսանողներին մասնակցության սերտիֆիկատներ շնորհվեցին` ինչպես նաեւ քննարկվեցին նրանց պրակտիկա անցնելու առավելություններն ու թերությունները` հետագա ծրագրերում նրանց առաջարկները հաշվի առնելու համար:

Տեղեկացնենք, որ «ԲՈՒՀ-ից աշխատաշուկա» ծրագիրը իրականացվում է արդեն երրորդ անգամ: