Երկօրյա այցով Լիբանանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոյը, հուլիսի 12-ին հանդիպել է Լիբանանի քրիստոնյա համայնքի հոգեւոր առաջնորդների հետ, որին ներկա է եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արա Ա-ն եւ Լիբանանի թեմի առաջնորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Ժան Մարկ Էյրոյը նշել է, որ Ֆրանսիան ամուր կապի մեջ է Լիբանանի հետ: Նախարարը իր գոհունակությունն է հայտնել այն մասին, որ Լիբանանը կարողացել է զերծ մնալ հնարավոր վտանգներից: Նա կարեւորել է քրիստոնյա համայնքների ավելի ազդեցիկ մասնակցությունը Լիբանանի քաղաքական կյանքին:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում անդրադարձել է Միջին Արեւելքում տիրող իրավիճակին, նշելով. «Այսօր, տարածաշրջանում քրիստոնեությունը դիմագրավում է լուրջ մարտահրավերներ։ Արդարեւ, տնտեսական տագնապը, անապահով կացությունը, ահաբեկչությունը եւ արտագաղթը սկսել են լուրջ հետեւանքներ ունենալ։ Այս կացությունը միայն քրիստոնեության մտահոգությունը չէ, այն նաեւ պետք է դառնա արաբական աշխարհի եւ Եվրոպայի մտահոգությունը։

Միջին Արեւելքը առանց քրիստոնեության ներկայության շատ բան կկորցնի իր որակից, մշակութային արժեքներից եւ տնտեսական հզորությունից. եւ ավելին, դարերի ընթացքում արմատացած քրիստոնյա-իսլամ գոյակցության բացակայությունը շրջանը կվերածի ծայրայեղականության կենտրոնի. մտահոգիչ երեւույթ, որի գործնական արտայայտությունն արդեն իսկ տեսնում ենք ո՛չ միայն Միջին Արեւելքում, այլ նաեւ արեւմտյան երկիրներում:  Հետեւաբար, մեր սպասումն է, որ Ֆրանսիան իր արտաքին քաղաքականության մեջ հաճախակի հիշեցնի արաբական եւ արեւմտյան պատասխանատուներին հիշեալ վտանգի հետեւանքների մասին»: