Երեւանում 2011թ. սկզբին կարող է կայանալ Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի ղեկավարների համաժողովը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Ռոսսոտրուդնիչեստվոյից», նման համաժողովի նպատակն է քննարկել միջտարածքային գործնական համագործակցության հարցերը:

Նման համաժողով անցկացնելու առաջարկով հանդես է եկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության Ռուսաստանի սուբյեկտների հետ կապերի բաժնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը: Նրա խոսքով, եկող տարվա սկզբին Երեւանում նախատեսվում է առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային արդյունաբերական նորարարությունների ցուցահանդեսը, որի շրջանակներում էլ կայանալու է համաժողովը: Իր ելույթում նա նշել է, թե ողջ թափով ընթանում է Հայաստանի տարածքում «ՈՒԱԶ-Պատրիոտ» մեքենաների հավաքման նախագծի իրականացումը: Փոխշահավետ հարաբերությունների շարքում Նիկողոսյանը նշել է համագործակցությունը նորարարությունների եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

Բաժնի վարիչը քննադատել է գործարար կապերը Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի միջեւ՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ դրանք այլկերպ կլինեն: