«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխություն կատարել եւ նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ, ներկա 30 հազար դրամի փոխարեն:

Այս կապակցությամբ, «Ժառանգությունը» հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. «Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2010 թվականի առաջին երկու եռամսյակների ցուցանիշների վերլուծության` ընթացիկ տարվա  հենց սկզբում` հունվար-մարտ եռամսյակում, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 40.234.2 դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 25.957.6 դրամ: 2010թ. հունվար-հունիս ամիսների հաշվետվության արդյունքներով պարզվել է, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 41.052.4 դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 26.485.4 դրամ:

Նախագծի ընդունումը ՀՀ 2011թ. պետական բյուջեի ընդունման նախաշեմին թույլ կտա փոքր ինչ պաշտպանված դարձնել բնակչության հիմնականում աղքատ խավին` չկասեցվող աղքատացման ու չզսպվող գնաճի պայմաններում»:

Հիշեցնենք, որ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2,5 հազար դրամով` 30 հազար դրամից դարձնելով  32,5 հազար: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանի խոսքով, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հիմքը կառավարության միջինժամկետ ծախսերի ծրագիրն է:

Քանի որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետության կողմից սահմանված երաշխիք է, հետեւաբար փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ «Եկամտահարկի մասին» օրենքում: Այսինքն հիշյալ օրենքում չհարկվող նվազագույն շեմը 30 հազար դրամից պետք է բարձրացվի 32,5 հազար դրամի: