ԵԽԽՎ-ում քննարկման առարկա է դարձել գնչուների նկատմամբ խտրական վերաբերմունքը եւ արտաքսումը Ֆրանսիայից եւ մի շարք այլ եվրոպական երկրներից: Ինչպես նշվում է ԵԽԽՎ բանաձեւում, այս հարցում հատուկ պատասխանատվություն է ընկնում քաղաքական գործիչների վրա, ովքեր պարտավոր են իրենց ելույթներում թույլ չտալ բացասական կարծրատիպեր կամ քննադատական արտահայտություններ ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Փաստաթղթում նշվում է, որ ԵԽԽՎ-ն ցնցված է, որ ԵԽ անդամ հանդիսացող երկրների որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես, Ֆրանսիայում, սկսել են հակագնչուական հռետորաբանություն օգտագործել:

Վեհաժողովն առաջարկում է ԵԽ անդամ երկրներին ազգային օրենսդրությունը կիրառել ընդդեմ ռասայական ատելության հրահրման, իսկ իշխանություններին ու լրատվամիջոցներին` ձեռնպահ մնալ ազգային փոքրամասնությունների հանդեպ թշնամական երանգներ պարունակող նյութեր հրապարակելուց, հաղորդում է Newsru.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան օգոստոսին լայնամասշտաբ արշավ էր սկսել իր երկրի տարածքում անօրինական բնակվող գնչուներին արտաքսելու ուղղությամբ: Հուլիսին ֆրանսիական Գրենոբլ քաղաքում զանգվածային անկարգություններ էին սկսվել, որից հետո ոստիկանությունը գնդակահարել էր զինված կողոպուտի մեջ կասկածվող մի գնչուի: Դրանից հետո գնչուները սկսել էին հարձակումներ գործել ոստիկանական բաժանմունքների վրա: