ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում կայացել է երկրորդ հանդիպումը հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ: Հանդիպումը նախաձեռնել էր ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Ստարսբուրգից:

Հանդիպումից հետո հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ որոշում է կայացվել շարունակել նման շփումներ: «Խորհրդակցություններ են ընթանում ադրբեջանական պատվիրակության հետ հնարավոր փոխգործակցության մասին, գործողությունների, որ մենք կարող ենք ձեռնարկել երկու պատվիրակությունների ներկայացուցիչների եւ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նորմալ համագործակցելու ուղղությամբ»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

Այս հանդիպմանը հերթական անգամ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման հարցը: Հայկական պատվիրակության ղեկավարը նկատել է, որ հարցը դեռ վերջնականապես չի լուծվել. «Կարծում եմ, որ ԵԽԽՎ ղեկավարը հոկտեմբերի 8-ին բյուրոյին կներկայացնի այդ հարցի քննարկման ժամկետների երկարացման հարցը եւ մինչեւ դեկտեմբերին Փարիզում բյուրոյի կայանալիք նիստը»:

Վերջին երեք նստաշրջանների ընթացքում պարբերաբար հանդիպումներ են կայանում ԵԽԽՎ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի եւ երկու պատվիրակությունների ներկայացուցիչների միջեւ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման նպատակով: Ընթացիկ նստաշրջանին երկու հանդիպում է կայացել: Հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, դա ինչ-ինչ ակտիվացման նշան լինել, Դավիթ Հարությունյանը նկատել է. «Հոկտեմբերի 5-ին կայացած առաջին հանդիպմանը քննարկումները չէին ավարտվել, եւ ուղղակի որոշվել էր դրանք շարունակել այսօր»:

Նշենք, որ Ադրբեջանը կարեւոր է համարում ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունը՝ ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու ուղղությամբ, մինչդեռ Հայաստանը չի տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կրկնօրինակման անհրաժեշտություն: