Հայաստանի անվճար հայտարարությունների կայքում՝ list.am-ում, սոցփաթեթներ են վաճառվում:

Ըստ կայքում տեղադրված հայտարարության՝ վաճառվում է 72 հազարանոց սոցփաթեթ 50 հազար դրամով, առկա է 4 փաթեթ:

Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշում էր կայացրել սոցփաթեթներից հանգստի բաղադրիչը հանելու մասին՝ պատճառաբանելով, որ չարաշահումներ են հայտնաբերվել: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների համաձայն՝ չարաշահումները կազմել են 300 մլն դրամ: ՎՊ-ն ուսումնասիրություններ է կատարե Ծաղկաձորում, Դիլիջանում, Արզաքանց, Արզնի, Արտավան համայնքներում առկա հանգստյան տներում ու հյուրանոցներում:  Ծաղկաձորում 21 հանգստյան տներում եւ հյուրանոցներում հայտնաբերվել է 128 մլն 681 հազար դրամի, Ջերմուկի 13 հանգստյան տներում՝ 62 մլն 437 հազար դրամի, Դիլիջանի 7 հանգստյան տներում՝ 43 մլն 490 հազար դրամի խախտում:

Վերահսկիչ պալատը պարզել է, որ որոշ զբոսաշրջային ընկերություններ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները, բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով էլ գոյացել են այս պարտքերը:

Վերահսկիչ պալատն առաջարկում է ՀՀ կառավարությանը սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցփաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերվող դրույթները: Նախատեսված է 100 տոկոսով լիցենզավորված կառուցներում ուսումնասիրություն կատարել: