Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել երկկողմ համագործակցության հարցեր:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները եւ կարեւորել հայ-իրանական բարձր մակարդակի փոխայցելությունները՝ նշելով, որ դրանք նպաստում են քաղաքական, տնտեսական, իրավական եւ այլ ոլորտներում հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Սերաջի այցը մեր երկիր եւ ՀՀ քննչական կոմիտեի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդեն իրավական ոլորտում համագործակցության սերտացմանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայ-իրանական փոխգործակցությունը դինամիկ զարգանում է, արդյունավետ իրականացվում են տարբեր համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները:  

Նասեր Սերաջը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները եւ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ առկա են բարեկամական ու եղբայրական հարաբերություններ եւ ընդգծել, որ իրանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Կարեւորվել է նաեւ իրավական ոլորտում համագործակցության խորացումը: Պարոն Սերաջի համոզմամբ՝ երկու երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմի հաստատումը կնպաստի զբոսաշրջության հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Նասեր Սերաջն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: