Ադրբեջանի հյուսիս-արեւելքում` Զաքաթալա քաղաքում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունն ավարցիներ են, տեղի իշխանություններն արգելել են տղամադրկանց մորուք կրել: Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազա»-ն, իշխանությունների որոշումը չկատարողներին բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ նրանց պարտադրաբար սափրել են, եւ տուժածների վկայությամբ, նաեւ ծեծի են ենթարկել:

«Զաքաթալայում ուժգնացել են ճնշումներն այն հավատացյալների վրա, ովքեր մորուք են պահում: Ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց, տանում ոստիկանություն եւ պարտադրաբար սափրում»,- պնդում է Զաքաթալայի շրջանի Վերին Թալա գյուղի բնակիչ Ալահյար Յուսուբովը: Նրա խոսքով, սեպտեմբերի  28-ին իրենց տարել են ոստիկանության բաժանմունք եւ ծեծի ենթարկել: Ալահյար Յուսուբովը պնդում է, որ մորուքի պատճառով նա չի կարողանում ստանալ անձը հաստատող փաստաթուղթ:

Զաքաթալայի մեկ այլ բնակիչ` Աբաքիր Գազիեւն ասում է,որ իր մորուքը սափրել են բռնի կերպով, եւ այդ պատճառով նա ստիպված է եղել լքել շրջանը: Արդեն երեք տարի է` նա գաղտնի այցելում է իր ընտանիքին` հինգ ամիսը մեկ անգամ:

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակից Օրհան Մանսուրաձեն ասում է, որ ցանկացած շրջանի ոստիկանության աշխատակից, տեսնելով կարճ տաբատով մորուքավոր մարդու, իրավունք ունի հրավիրել նրան պրոֆիլակտիկ զրույցի, պարզելու համար, թե տվյալ սուբյեկտը հանդիսանո՞ւմ է, արդյոք, ծայրահեղական կրոնական ուղղվածության խմբավորման անդամ:

Կրոնական փորձագետ Էլշար Մարին ասում է, որ այդպիսի վերաբերմունքը հավատացյալների ազատությունների ու իրավունքների ոտնահարում է: Այդպիսի վերաբերմունքը կհանգեցնի նրան, որ այդ մարդիկ կդառնան ծայրահեղականներ:

Ադրբեջանում կրոնական իրավունքների ոտնահարումն արտահայտվում է նաեւ միջազգային կազմակերպությունների զեկույցներում: ԱՄՆ պետդեպարտամենտի հաշվետվության  մեջ Ադրբեջանի կրոնական ազատությունների մասին ասվում է, որ կրոնական ազատությունների ճնշումն այդ երկրում արտահայտվում է սեփականության վիճելի հարցերոմ, հիջաբի կրելու եւ մորուք պահելու արգելքի, իսկ  որոշ տեղերում նաեւ աղոթքի կոչն արգելելով: