Թուրքիայի Մարաշի նահանգում, որտեղ մինչեւ 1915-ի Հայոց ցեղասպանությունը հայ բնակչությունը մեծ թիվ էր կազմում,  4 թուրք փորձել են փնտրել  «հայկական գանձերը»` փորելով 43 մետր թունել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` 3 հոգի, մտածելով, թե իրենք հայտնաբերել են  Մարաշի նահանգի Քարաելբիստան ավանի գերեզմանի տակ հողով ծածկված պատմական եկեղեցու տեղը, համաձայնության են եկել գերեզմանի մոտ ապրող Դ. Ք-ի հետ եւ նրա տան միջից սկսել փորել` հասնելու համար, իբր  6 մետր խորությամբ գտնվող եկեղեցուն եւ հանել ենթադրյալ գանձերը:

Գանձ որոնող թուրքերը մեկ ամսվա ընթացքում փորել են 43 մետր թունել եւ հասել մի դռան, որի վրա խաչ է եղել, սակայն չեն բացել այն, մտածելով, թե կարող է ներսում թունավոր գազ լինի, կամ այլ ծուղակ եւ լքել են թունելը:

Այդ ընթացքում, գանձ որոնողների մոտ վիճաբանություն է սկսվել եւ տանտերը դիմել է ժանդարմերիա: Ժանդարմերիան բերման է ենթարկել 4 մարդու, ովքեր ցուցմունք են տվել եւ ստորագրությամբ ազատ արձակվել: