Պաշտոնական Թեհրանը անհանգստությամբ հետեւում է Թուրքիայում ծավալվող իրադարձություններին: Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հաղորդում է «Մեհր» գործակալությունը::

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Շամխանին հայտարարել է, որ Իրանի եւ Թուրքիայի սահմանը ցամաքում եւ օդում գտնվում է Իրանի զինված ուժերի ամբողջական վերահսկողության եւ մոնիտորինգի ներքո:

Նա նաեւ հավելել է, որ Իրանը ուշադիր հետեւում է Թուրքիայի իրադարձություններին եւ համարում է, որ անկայությունը Թուրքիայում վտանգի տակ է դնում այդ երկրի մարդկանց խաղաղությունն ու անվտանգությունը:

Հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Նախնական տվյալներով 60 մարդ է զոհվել, ձերբակալվել է 754 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: