Ստամբուլում այս գիշեր ռազմական գործողություններ են կատարվել նաեւ հայաբնակ թաղամասին շատ մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը:
«Հայաբնակ թաղամասի մոտակայքում կա զորամաս եւ ռադիոընկերության շենք, որը ըմբոստները փորձել են գրավել, իսկ իշխանամետ ուժերն էլ պայքարել են: Ամբողջ գիշեր քաղաքի այդ հատվածում աղմկոտ էր, նույնիսկ ռազմական ուղղաթիռներ էին մասնակցում այդ գործողություններին: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, վիրավորներ չկան, որեւէ վնաս հայերին չեն հասցրել: Հայկական եկեղեցին ու հայկական դպրոցը նույնպես չեն վնասվել: Քաղաքի գլխավոր հրապարակի մոտակայքում դպրոց ունենք, որը նույնպես չի տուժել»,- ասաց Արա Գոչունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Նախնական տվյալներով 145 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:





























