Աստղաֆիզիկոսների միջազգային կոլեկտիվը ստեղծել է տիեզերքի այսօրվա դրությամբ խոշորագույն եւ առավել ամբողջական եռաչափ պատկերը: Հետազոտությունը ներկայացված է Monthly Notices of the Royal Astronomical Society-ում հինգ հրապարակմամբ, դրա մասին համառոտ տեղեկացնում է Մաքս Պլանկի Ընկերակցության արտերկրյա ֆիզիկայի ինստիտուտը (Գերմանիա):
Քարտեզն իր մեջ ներառում է 1,2 մլն գալակտիկա, որոնք գտնվում են 650 մլրդ խորանարդ լուսային տարի ծավալում, եւ թույլ է տալիս հետեւել աստղային համակարգերի էվոլյուցիային երկուսից յոթ միլիարդ տարի առաջ: Քարտեզն ընդգրկում է երկնոլորտի մոտավորապես մեկ քառորդը եւ թույլ է տալիս կատարել տիեզերքի մութ նյութի եւ էներգիայի այսօրվա դրությամբ առավել ճշգրիտ չափումներից մեկը:
Քարտեզի կազմման համար գիտնականները BOSS (Baryon Oscillation Spectroscopic Survey) ծրագիրն են օգտագործել SDSS-III-ից (Sloan Digital Sky Survey III):
Այն թույլ է տալիս բարիոնային ակուստիկ տատանումների միջոցով, որոնք իրենցից ներկայացնում են նյութի բաշխման տատանումները տիեզերքի զարգացման վաղ փուլերում, որոշել Մեծ պայթյունից հետո 400 մլն տարի անց տիեզերքի ընդլայնման տեմպերը, հայտնում է Lenta-ն:
Ստացված տվյալները լիովին համապատասխանել են ստանդարտ տիեզերաբանական մոդելին: Մութ էներգիան, որը պատասխանատու է տիեզերաբանական ընդլայնման համար, հինգ տոկոս սխալի առկայությամբ նույնական է հարաբերականության ընդհանուր տեսության հավասարումներում տիեզերական անփոփոխ մեծության հետ:






























