Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել 2010 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հրամանագրի համաձայն, 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հայաստանի կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: