Արդեն պատրաստ է  «Հանրահավաքների, ցույցերի եւ երթերի մասին» օրինագիծը եւ այն երկու շաբաթ առաջ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, նաեւ ԵԱՀԿ: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հավելելով. «Այսօր մենք սպասում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը՝ օրինագիծն ամփոփելու համար»:

Նրա խոսքով, այդ երկու կազմակերպություններն են հիմնականում օրինագծերի փորձաքննություն իրականացնում: «Հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովից հրավիրված երկու փորձագետներ կժամանեն Հայաստան՝ օրինագծի վրա համատեղ աշխատելու համար: Նրանց կարծիքը ստանալուց հետո օրինագիծը կներկայացվի հասարակությանը, խորհրդարանին եւ կառավարությանը»,- ասել է Հարությունյանը: