Երեւանի Ազատության հրապարակից ոստիկանները մարդկանց են բերման ենթարկում։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ սկսվել է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկումը, որի ընթացքում որոշում էր կայացվել երթ անել դեպի Էրեբունի՝ աջակցություն հայտնելու հուլիսի 17-ին վաղ առավոտյան ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբին:
Քննարկումից րոպեներ անց ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում Դավիթ Սանասարյանին եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդուն: Ըստ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի՝ իրենք թույլ չեն տալիս երթով շարժվել դեպի Էրեբունի, քանի որ մտավախություն ունեն՝ անկարգություններ կանեն:
Ոստիկանները փակել են Հյուսիսային պողոտայից դեպի Ազատության հրապարակ ճանապարհն ու թույլ չեն տալիս ակտիվիստներին կրկին վերադառնալ հետ։ Լարվածությունը շարունակվում է։
Օպերայի տարածքում է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա պարզապես հորդորեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին՝ օգնելու իրեն ցուցարարներից մի քանիսի հետ բանակցել եւ լարվածությունը մեղմել։
Հունան Պողոսյանն ավելի ուշ անձամբ մոտեցավ ցուցարարներին եւ խնդրեց իրենց անխոհեմ քայլերով իրավիճակը չսրել. «Մեզնից ով մեղավոր է, կպատժենք, ովքեր բերման ենթարկվեցին, բոլորն ազատ կարձակվեն: Մի սրեք իրավիճակը, մենք այժմ նորմալ բանակցում ենք ՊՊԾ գունդը գրավված անձանց հետ, խնդրում ենք մի խանգարեք եւ իրավիճակը մի սրեք»:


















