Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակներ է հղել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Ադրբեջանում հայ գերի Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ՝ խնդրելով գլուխ հանել իրավիճակից: Այդ մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը:

Նամակներում նշված է միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումների մասին: Մանվել Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, որին ներկայացրել են որպես գերյալ «դիվերսանտ», քանի որ միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից քաղաքացիական անձը չի կարող գերի լինել: Խախտում է նաեւ նրա հետ հարցազրույցի հրապարակումը»,- ասել է Հարությունյանը:

Օմբուդսմենը նշել է նաեւ, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին չի հաջողվել 25 օր շարունակ հանդիպել Հայաստանի քաղաքացուն. «Այդ ամենից հետո արիբեկյանի ինքնասպանության մասին տեղեկությունը կասկած է հարուցում»:

Մարդու իրավունքների պաշտպանը նկատել է, որ թեեւ ձեւականորեն օմբուդսմենները համագործակցում են իրար հետ, իրականում այլ պատկեր է. «Իմ ադրբեջանցի գործընկերը կտրականապես հրաժարվում է համագործակցել հայկական կողմից հետ, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կամ ԱԳՆ-ի հետ մարդու իրավունքների պաշտպանն աշխատել չի կարող: Հետեւաբար, մենք դիմում են միջազգային կառույցներին»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել: Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել:

Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական ոկղմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպրտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն կատարելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկաայցնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, թե այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ: