«Օրինաց երկիր» կուսակցությունը հարգանքով է վերաբերել իր կոալիցիոն գործընկերների որոշմանը՝ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե ՕԵԿ-ը որոշել է չմասնակցել Բալասանյանի թեկնածության քվեարկությանը, որպեսզի չխանգարի այդ գործընթացին:
Հարցին, թե ինչո՞ւ չի շնորհավորել Բալասանյանին փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Մարգարյանը չափազանց անկեղծ պատասխան է տվել. «Քանի որ նա չի շնորհավորել ինձ տարածքային կառավարման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ»:
Նշենք, որ խորհրդարանի նորընտիր փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը նախկինում եղել է «Օրինաց երկրի» անդամ եւ անգամ երդվել է, թե իր ճակատին գրված է այդ կուսակցության անվանումը: Սակայն արդյունքում Բալասանյանը «սկզբունքային» պատճառներով լքեց ՕԵԿ շարքերը: ՕԵԿ-ը, հավանաբար այդ պատճառով չի մասնակցել նրա ընտրությանը: Այդուհանդերձ, Բալասանյանն ընտրվել է՝ ստանալով 74 կողմ ձայն:





























