Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 18:30-ից հավաքվել են Երեւանի Խորենացի փողոցում, որտեղ գտնվում է հուլիսի 17-ին վաղ առավոտյան զինված խմբի կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գունդը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ ցուցարարների գալը ոստիկանական նոր ուժեր ժամանեցին Խորենացի փողոց: Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:

Նշենք, որ ցուցարարները երեկ Ազատության հրապարակում կայացած ակցիայի ժամանակ պահանջում էին առանց արյունահեղության լուծել ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: