Էդգար Սողոմոնյանի հայրը ոստիկանության պարեկա-պահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին խնդրում է թույլ տալ, որ որդին վերադառնա տուն:

«Իմ տղան ոչ ծառայել է, ոչ զենք վերցրած է: Ռուսաստանից ամսի 13-ին եկել է, այդ օրը պիտի տեղ գնայինք, ինքը տնից գնաց ու մեկ էլ իմացանք, որ ինչ-որ խառնաշփոթ ա եղել, էնտեղ է: Խնդրում եմ Պավլիկ Մանուկյանին, թող թույլ տա՝ տղայիս դուրս գա»,- այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 31-ամյա Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը՝ նշելով, որ ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է եւ իր միակ օգնողը որդին է:

Մերուժան Սողոմոնյանի խոսքով՝ որդին հեռու է քաղաքականությունից, խմբի անդամներին չի ճանաչում. «Ես նրանց բան չունեմ ասելու, ինչ նպատակ ունեն, թող անեն, ես բան չունեմ ասելու: Ես ուրիշից եմ իմացել, որ էնտեղ ա: Եթե ինքը զենք չի բռնում, չի տիրապետում, ինքն ինչո՞ւ է էնտեղ մնում»:

Հոր խոսքով՝ Էդգարն իմացել է, թե ցույց է լինելու Արցախի հողերն ադրբեջանցիներին չհանձնելու պահանջով, դրա համար է գնացել, չի պատկերացրել, որ զինված հարձակում է լինելու:

«Եթե երեխես մեղավոր է, թող պատժվի, բայց ես գիտեմ, որ նա զենք բռնել չգիտի, լսել ենք, որ խաբեությամբ են տարել: Թող իմ երեխեն իմ առաջ ասի՝ ես չեմ ուզում դուրս գալ, ես էլ կիմանամ, թե ինչ եմ անում»,- ասաց հայրը:

Հարցին, թե չի՞ փորձել կապ հաստատել որդու հետ, հայրը պատասխանեց. «Ես ուրիշ հարցերի չեմ պատասխանում»:

Ասուլիսին ներկա էր նաեւ 26-ամյա Հովակիմյան Գառնիկի մայրը՝ Մարինե Պապիկյանը, որը նշեց. «Գառնիկն ապրում է Ռուսաստանում, եկել էր, որ անձնագիրը փոխի, հուլիսի 24-ին պիտի մեկներ Ռուսաստան. «Հուլիսի 16-ի երեկոյան է տնից գնացել: Առավոտյան ժամը 7-ին զանգեցի, ասաց մի շենքի մեջ ենք: Խոսել եմ, ինքը ոչ մի բան չի ասել, բայց ես զգացել եմ, որ ուզում է դուրս գա: Ինքն էստեղ չի ապրել, վերջին անգամ 4 տարի առաջ է եղել Հայաստանում»:

Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանն էլ նշեց, որ ինքն անձամբ տեղեկություններ չունի, որ այդ մարդկանց որդիները ՊՊԾ գնդի տարածքում են: «Ըստ իրենց տեղեկությունների, իրենց որդիները գտնվում են ՊՊԾ գնդում: Խնդրել են աջակցել դուրս հանել նրանց էնտեղից»,-ասաց նա: