Երեւանի քաղաքապետարանը գտել է Սարի թաղի բնակիչների տրանսպորտի հարցի լուծումը:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչեւ Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը եւ Սարի թաղն սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված տարածքի բնակիչների դիմումը, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի տրանսպորտի վարչության պատասխանատուները հարցը քննարկել են սպասարկումն իրականացնող ընկերության տնօրինության հետ, որի արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել տվյալ երթուղին ժամանակավորապես շահագործել հետեւյալ ուղեգծով.
Սարի թաղի հհ.12, 5, 3, 20, 27 փողոցներ - Դավիթ Բեկի - Ազատամարտիկների - Սասունցի Դավթի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - «Այրարատ» կ/թ։
Հետադարձը՝ «Այրարատ» կ/թ - Տիգրան Մեծի պողոտա - Մ. Խորենացու -Նար-Դոսի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - Սասունցի Դավթի - Ազատամարտիկների - Դավիթ Բեկի փողոցներ - Սարի թաղ։
Հավելենք, որ նման առաջարկով Երեւանի քաղաքապետին էր դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 19-ին բախում է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ: Վերջիններս պահանջում էին բացել Սարի թաղի ճանապարհները, նաեւ բողոքում էին, որ արդեն երեք օր զրկված են գազից ու լույսից: Ոստիկանների փոխանցմամբ, Սարի թաղի կողմից քաղաքացիներ են եկել, փորձել են մուտք գործել պահպանվող տարածք։ Նրանք նաեւ քարեր եւ տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, երեք ոստիկան վիրավորվել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը եւ Լեւոն Երանոսյանը, ինչպես նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նրանք հայտնել են, որ բախման հետեւանքով քաղաքացիներ չեն տուժել։





























