Գերմանացիները պետք է պատրաստ լինեն փոքր խմբերի եւ ռադիկալ «միայնակ գայլերի» կողմից նոր հարձակումներին: Խոսելով Բավարիայում գնացքի ուղեւորների վրա աֆղանցի փախստականի հարձակման մասին՝ հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը:

Ըստ BBC-ի, նա նշել է, որ դեռահասը «վարակված» էր ԻՊ-ի քարոզչությունից, բայց ապացույցներ չկան, որ նա հետեւել է նրանց հրահանգներին: Կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի՝ նման հարձակումները կանխելու համար, բայց որեւէ երաշխիք չկա: «Մենք պետք է պատրաստ լինենք փոքր խմբերի եւ ռադիկալ «միայնակ գայլերի» կողմից նոր հարձակումներին»,- ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ գնացքի ուղեւորների վրա կացինով զինված 17-ամյա աֆղանցու հարձակման հետեւանքով 5 մարդ է տուժել: Ոստիկանությունը գնդակահարել է նրան:

Ականատեսների խոսքով՝ հարձակման ժամանակ նա երեք անգամ գոչել է «Ալլահ աքբար»: Նրա տանն ԻՊ-ի դրոշ են հայտնաբերել, սակայն ոստիկանությունը դեռեւս ահաբեկիչների հետ նրա կապի ապացույցներ չի գտել: