«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը առաջին անգամ կանցկացվի Ստեփանակերտում՝ հոկտեմբերի  9-10-ը։ Ֆորումը նվիրված է Հայաստանում եւ Արցախում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին: Ֆորումի օրակարգում են հետեւյալ թեմաները՝ տեխնոլոգիական ձեռներեցության ներդրման խնդիրներ, տեխնոլոգիական զարգացման եւ կիրառման խնդիրները Արցախում, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման հնարավորություններ եւ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման խնդիրներ։

Հանդիպում-ֆորումի ընթացքում կանցկացվեն նաև կլոր սեղան քննարկումներ, որի ընթացքում  կարծարծվեն հետևյալ հարցերը` հեռահաղորդակցության խնդիրներ, տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության համար, անվտանգության համակարգերում տեխնոլոգիական լուծումների ներդրման խնդիրներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային կառավարման ներդրման խնդիրներ եւ այլն:

Նախատեսվում է, որ Ֆորումի բացումը կիրականացնի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, իսկ ֆորումին կմասնակցեն ԼՂՀ տնտեսական զարգացման, ՀՀ Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև  ՏՀՏ հայաստանյան շուրջ 30 ընկերություններ, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ։

Տեղեկացնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից եւ նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր եւ պետական հատվածների ներկայացուցիչներին եւ ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: