Կառավարությունը միջոցներ է հատկացրել հանրապետության 5 մարզերին՝ ուժեղ քամիների, անձրեւների եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքները վերացնելու համար:

Հայաստանի գործադիր մարմինը այսօր՝ հուլիսի 21-ի նիստում հաստատեց Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի եւ Սյունիքի մարզերին  միջոցներ հատկացնելու Կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը։  Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Գեղարքունիքի մարզում հատկացումներ կտրամադրվեն Կարճաղբյուր, Կալավան եւ Անտառամեջ գյուղերին: «Առաջին երկու համայնքները ամբողջությամբ մեկուսացվել են, քանի որ հեղեղը վնասել է 10 կմ երկարությամբ ճանապարհը»,- նշել է Դավիթ Լոքյանը: Ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ է 5 մլն դրամ:

Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներին օժանդակելու համար, որոշման համաձայն, կհատկացվի 21 մլն 857 հազար դրամ, իսկ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ: Սյունիքի մարզի Կապան քաղաքի (տարածաշրջանի վարչական կենտրոն) վնասված ճանապարհների վերականգնման համար կպահանջվի մոտ 55 մլն դրամ: