Մոսկվան դատապարտում է Երեւանում ոստիկանության շենքի զինված գրավումը ու աջակցում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք վճռականապես դատապարտում ենք Երեւանում հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի զինված գրավումը: Դրա հետեւանքով զոհվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակից, անընդունելի ենք համարում այդ քրեական դրսեւորումները, որոնք կարող են անմիջական սպառնալիք ներկայացնել հանրապետության քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը»,- ասել է դիվանագետը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, Մոսկվան աջակցում է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին: «Հույս ունենք, որ դրանք թույլ կտան ամենամոտ ժամանակներում հանգուցալուծել իրավիճակը, ազատ արձակել պատանդներին, միջադեպի սպառիչ հետաքննություն անցկացնել ու պատժել մեղավորներին»,- ասել է նա: