Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Սլովենիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այնուհետեւ կհյուրընկալվի ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նախատեսվում է երկու նախագահների առանձնազրույց, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Սլովենիայի նախագահը կայցելի Մատենադարան եւ Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետեւ Դանիլո Թյիրկը եւ Սերժ Սարգսյանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ Դանիլո Թյիրկի եւ տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, կտրվի պաշտոնական ընթրիք:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում Սլովենիայի նախագահն առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Սլովենիայի նախագահի այցը Հայաստան կեզրափակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպմամբ:





























