Վանաձորի քիմիական գործարանը մեկուկես տարվա հարաբերական դադարից հետո իր աշխատանքները կվերսկսի մոտակա երեք ամիսների ընթացքում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց «Վանաձոր-Քիմպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը՝ միաժամանակ չբացառելով, որ գործարանի աշխատանքները, հնարավոր է, վերսկսվեն արդեն հաջորդ ամիս։

Նրա խոսքով, «Վանաձոր-Քիմպրոմը» ներկայումս ունի շուրջ 400 աշխատակից։ «Խորհրդային տարիներին գործարանում  աշխատել է ավելի քան 5000 մարդ։ Թվերի համեմատությունից դժվար չէ եզրակացնել, որ գործարանը ներկայումս աշխատում է իր ամբողջ ծավալի մի փոքր մասով միայն»,- տեղեկացրեց Ալեքսանդր Սնեգիրյովը։

Հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ «Վանաձոր-Քիմպրոմն» ամիսներ առաջ դադարեցրեց իր աշխատանքը, գործադիր տնօրենը պատասխանեց. «Տնտեսական ճգնաժամը եւ գնային անկումը»։

Դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարանը դադարել էր աշխատել առավելապես իր աշխատողներին աշխատավարձեր չվճարելու պատճառով, Սնեգիրյովը նկատեց, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ «Թեպետ կոնկրետ չեմ կարող ասել, թե որքան է կազմում մեր աշխատողներին չվճարված պարտքի ընդհանուր չափը, սակայն կարող եմ վստահեցնել, որ աշխատավարձերի վճարումը կկատարվի գործարանի աշխատանքների վերսկսմանը զուգահեռ»,- հավաստիացրեց «Վանաձոր-Քիմպրոմի» գործադիր տնօրենը՝ միաժամանակ հավելելով, որ իրենց մոտ միջին աշխատավարձը 80 հազար դրամ է։

Ալեքսանդր Սնեգիրյովը տեղեկացրեց նաեւ, որ իրենք աշխատողների թվի ավելացման լուրջ մտադրություներ ունեն։ «Դա կարվի գործարանում բացվելիք նոր արտադրամասերի հաշվին։ Նոր արտադրանքի եւ հների ծավալների ավելացմամբ նոր աշխատատեղեր կհիմնվեն»,- հավաստիացրեց գործարանի գործադիր տնօրենը։

Ամփոփելով՝ Սնեգիրյովը նշեց, որ բացի հայկական ու վրացական շուկաներից, իրենց արտադրանքը պահանջարկ ունի նաեւ Եվրոպայում: «Հիմա աշխատանքներ ենք տանում նաեւ այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Նշենք, որ ընկերությունում կարբիդից բացի, արտադրվում են նաեւ արհեստական քարեր։ Գործում է աղետի գոտու բնակարանաշինության մեջ օգտագործվող շինանյութերի արտադրություն։ Առաջիկայում, Հայաստանի կառավարության հետ բանակցությունների արդյունքում «Վանաձոր-Քիմպրոմը» պատրաստվում է կազմակերպել նաեւ ամսական հազար տոննա կալիումական պարարտանյութի արտադրություն։