Հոկտեմբերի 11-12-ին, Բաքվում կայանալու է Սոցինտերն ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծով հանձնախմբի ժողովը (նախորդ ժողովը գումարվել է Երեւանում, հունիսի 11-12-ին): Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից եւ Եվրոպայից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ։
Հանձնախմբի ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները եւ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի զարգացման հնարավորությունները։
Հանձնախմբի ժողովին մասնակցելու է Սոցինտերնի անդամ ՀՅԴ-ի պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ ՀՅԴ պատվիրակության մասնակցությունն առայժմ երաշխավորված չէ, որովհետեւ Թբիլիսիից Բաքու թռիչքի համար անհրաժեշտ ավիատոմսերը ենթականերին վաճառելու համար, ԱԶԱԼ ադրբեջանական ավիաուղիների Թբիլիսիի գրասենյակը պահանջում է նրանց այցի մասին համաձայնություն՝ ադրբեջանական դեսպանատնից կամ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից։ Այս խնդիրների կարգավորմամբ զբաղվում է Սոցինտերնը։
Նշենք, որ Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։





























