ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳՆ-ին առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւոր է համարել դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ, նշելով, որ Արցախյան հիմնախնդիրը ներկա ժամանակահատվածում հանդիսանում է հայոց անկախ պետականության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկը, եւ նրա տարբեր ասպեկտներին ծանոթ լինելն ու խորապես տիրապետելը կարեւոր է ոչ միայն ապագա մասնագետների աշխատանքի, այլ նաեւ ընդհանրապես հայկական դիվանագիտական ու քաղաքական մտքի զարգացման համար: 

Երկրի ղեկավարը ներկայացրել է մեր հանրապետության ներքին իրավիճակը եւ անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Հանդիպման վերջում Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը: