Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Հայաստանի Ազգային ժողովում առանձնազրույց է ւնեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանների ղեկավարները նշել են, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Նրանք կարեւորել են տնտեսական փոխգործակցութան ակտիվացումը եւ կոնկերտ ծրագրերի իրականացումը:
Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է 2009-ի սեպտեմբերին իր Իրան կատարած պաշտոնական այցին եւ կարեւորել այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարեւանների հետ, եւ խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, նա ասել է, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ շատ կարեւոր է ԼՂՀ իշխանություններին ներգրավել բանակցություններում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով:
Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի եւ Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման եւ առաջընթացի համար:
Հանդիպման ավարտին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետեւ երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունները համատեղ լուսանկարվել են:





























