Թերթի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, թե համանախագահների հետ հանդիպման ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն նույնպես կառուցողական դիրքորոշում կցուցաբերի եւ թույլ կտա դաշտային առաքելությանը ուսումնասիրություններ անցկացնել նաեւ Ադրբեջանում:

«Իհարկե, վստահ չեմ, թե Ադրբեջանը կառուցողական մոտեցում կդրսեւորի այդ հարցում: Վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, հատկապես Հայաստանի քաղաքացու գերեվարումը եւ սպանությունը, որ հումանիտար իրավունքի կոպիտ խախտում էր, ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը:

Ամեն դեպքում, սկզբունքային պայմանավորվածությունը առկա է, եւ հիմա համանախագահներն իրենք պետք է փորձեն Ադրբեջանի հետ լեզու գտնել եւ իրականացնել այդ գործողությունները, հակառակ դեպքում դաշտային առաքելությունը իմաստազրկվում է»,- ասել է Բաբայանը: